Աստվածաբանություն

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, թեոլոգիա [< հուն. θεολογι αք (θεος – Աստված և λογος – բան, խոսք) բառից. նշանակում է խոսք Աստծո մասին], գիտություն Աստծո մասին, քրիստոնեական կրոնի և հավատի, եկեղեցու դավանանքի և բարոյականության գիտական ու համակարգված շարադրանք: Նպատակն է հիմնավորել և ապացուցել աստվածային հայտնության ճշմարտությունը: Քրիստոնեական Աստվածաբանությունը հիմնված է Աստվածաշնչի վրա: Աստվածաբանության քննական ուսումնասիրության և մտածողության առարկան բոլոր կրոնական երևույթներն են և Սուրբ Գրքի հիմնական թեմաները. Աստված, այնպես, ինչպես հայտնվեց Քրիստոսով, մարդ, պարտականություն, մեղք, փրկություն, կյանք և վախճան, հավիտենականություն ևն: Աստվածաբանությունը բացատրում է հավատը տրամաբանական վերլուծությամբ, մեկնողական պարզաբանմամբ և իմացական եղանակների կիրառությամբ` հասնելու համար հասկանալի, բայց անբացատրելի խորհուրդների բանաձևմանը:
Հին հույներն աստվածաբան են անվանել այն փիլիսոփաներին, գրողներին, բանաստեղծներին, որոնք աշխարհի, մարդու ծագումը վերագրել են «աստվածներին» և խոսել նրանց մասին, իսկ քրիստոնյա հույները` Աստծո մասին խոսողներին և Աստծո խոսքի պաշտպաններին: Քրիստոնեական ավանդությունը չորրորդ Ավետարանի հեղինակին` Հովհաննես ավետարանչին մեծարել է «աստվածաբան» պատվանունով` Աստծո Բանի հավիտենական ծնունդի, Բանն Աստծո գաղափարը Քրիստոսի անձի հետ միացնելու և Մարդեղության խորհրդի բացահայտման համար:
Քրիստոնեական առաջին դարերում աստվածաբանել նշանակել է առհասարակ օրհնաբանել Աստծուն, խոսել նրա էության և ինքնության (հարաբերական իմաստով), սիրո և հոգածության մասին համաձայն հայտնության տվյալների, Աստվածաշնչի խոսքերի և մանավանդ` Քրիստոսի կյանքի, նրա պատգամած ճշմարտությունների, որոնք փոխանցվել են մարդկությանը առաքելական ավանդության միջոցով: Սակայն հետագայում Աստվածաբանությունը դուրս է եկել իր պաշտամունքային և պարզ նկարագրական բնույթի սահմաններից և չի մնացել Աստծո մասին միայն հայտնության տվյալներով խոսելու համեմատաբար սահմանափակ շրջագծում: Եկեղեցու հայրերը, ելնելով գնոստիկյան և քրիստոնեական աղանդների ու հերձվածների դեմ գաղափարական պայքարի անհրաժեշտությունից, սկսել են իմացական հայեցողությամբ պարզաբանել քրիստոնեական հավատը, փիլիսոփայությունից փոխառնելով վերլուծման եղանակներ, փաստարկված, տրամախոսական ոճ, եզրեր, բանաձևումներ: Քրիստոնեական ճշմարտությունները սկսել են սահմանվել, մեկնաբանվել, պաշտպանվել ընդդեմ հերետիկոսական մեկնաբանությունների, ժխտումների և այլափոխումների: Աստվածաբանության հիմնական բովանդակությունը կազմել են քրիստոսաբանությունը և երրորդաբանությունը: Ստեղծվել են առաջին քրիստոնեական աստվածաբանական դպրոցները, որոնցից նշանավոր էին Ալեքսանդրիայինը և Անտիոքինը: Վերջիններս մեծ դեր են խաղացել արլ. և արմ. աստվածաբանական մտքի ձևավորման և զարգացման գործում: Աստվածաբանության` եկեղեցու հայրերի մշակած եղանակն ունեցել է առավելապես ջատագովական, քարոզխոսական և մեկնողական բնույթ: Արևմուտքում միջին դարերում, հատկապես սխոլաստիկայի ծաղկման շրջանում (XI–XIII դդ.) հույն դասական փիլիսոփաների, մասնավորապես Արիստոտելի մշակած փիլիսոփայության գիտական և մեթոդաբանական տվյալների ազդեցությամբ Աստվածաբանությունը ստացել է գիտական առարկայի նկարագիր, դարձել ինքնուրույն գիտություն իր ներքին բաժանումներով և ճյուղավորումներով: Աստվածաբանությունը գրավել է համալսարանական ուսման կենտրոնական տեղը, իսկ մյուս գիտությունները որակվել են որպես Աստվածաբանության «աղախին»:
XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում քրիստոնեության մեջ ծնունդ առած բողոքականությունը սկիզբ է դրել բողոքական Աստվածաբանությանը` իր տարբեր հոսանքներով և ուղղություններով: Հայ Աստվածաբանությունը հիմնականում հետևել է հայրաբանական շրջանի (II–V դդ.) մշակած Աստվածաբանության տիպին` ունենալով գլխավորապես ջատագովական և հակաճառական բնույթ: Սկսած XIV դարից հայ Աստվածաբանության մեջ երևան են եկել դպրոցական (սխոլաստիկական) մտակառուցման ազդեցություններ: Գիտական Աստվածաբանության հայ մեծագույն ներկայացուցիչը Գրիգոր Տաթևացին է, որը Հայաստանում տարածված` ժամանակի լատինադավան հոսանքի` ունիթորության դեմ պայքարել է իրենց իսկ զենքով և եղանակով: Հայոց գրերի գյուտից հետո, երբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի, Եզնիկ Կողբացու, Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի և այլոց ջանքերով ստեղծվել է աստվածաբանական թարգմանական և ինքնուրույն հարուստ գրականություն, ձևավորվել է հայ աստվածաբանական միտքը. նպատակն էր հեթանոսության և զրադաշտականության հերքումը, քրիստոնեական կրոնի սկզբունքների հիմնավորումը, աղանդավորության (մանիքեություն, մծղնեություն, պավլիկյաններ, արիոսականություն, նեստորականություն, թոնդրակեցիներ ևն) դեմ պայքարը: Քաղկեդոնի ժողովից հետո մեծ կարևորություն է ստացել քաղկեդոնականության դեմ պայքարը, Հայ և Հույն, Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության փորձերին դիմագրավելը, Հայ եկեղեցու ծիսադավանական ինքնուրույնության և անկախության պահպանումը: Ասպարեզ են եկել հայ աստվածաբանական մտքի խոշոր ներկայացուցիչներ Ստեփանոս Սյունեցին, Մաթուսաղան, Խոսրովիկ Թարգմանիչը, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհաննես Սարկավագը, Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և ուր.: Նոր շրջանի հայ նշանավոր աստվածաբաններն են Ա. Տեր-Միքելյանը, Կ. Տեր-Մկրտչյանը, Մ. Օրմանյանը:
Աստվածաբանությունը բաժանվում է երեք մեծ ճյուղի` տեսական, պատմական, գործնական, որոնք իրենց հերթին ունեն ներքին բաժանումներ:
Տեսական Աստվածաբանությունը ստորաբաժանվում է երկու մասի` վարդապետական կամ դավանաբանական Աստվածաբանություն (կոչվում է նաև ուղղակի դավանաբանություն) և ջատագովական Աստվածաբանություն: Վարդապետական Աստվածաբանության առարկան են կազմում քրիստոնեական հավատի էական տարրերը, հիմնական սկզբունքները, որոնք եկեղեցու կողմից ճանաչված են որպես հավատի կանոն կամ դավանանք: Վարդապետական Աստվածաբանությունը գիտություն է եկեղեցու վարդապետած ընդհանուր հավատալիքների մասին: Նպատակն է ներկայացնել քրիստոնեական հավատի ճշմարտությունը, իմացական հայեցողության եղանակով վերլուծել հայտնության տվյալները` սուրբգրային և եկեղեցական ավանդության հիման վրա, բացատրել աստվածային տնօրինության իմաստը և այն ներկայացնել որպես ժամանակի ու տարածքի մեջ նյութավորված օրինաչափությունների որոշակի համակարգ: Վարդապետական կամ դավանաբանական Աստվածաբանությունն ունի իր առարկաները. իմացաբանական Աստվածաբանություն, աստվածագիտություն, երրորդաբանություն, արարչագիտություն, մարդաբանական Աստվածաբանություն, քրիստոսաբանություն և փրկագործություն, մարեմաբանություն, հոգիաբանություն (ուսմունք Սուրբ Հոգու էության մասին), եկեղեցաբանություն, խորհրդագիտություն, շնորհաբանություն, վախճանաբանություն:
Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանցի» «Յաղագս աստուածաբանական եղանակած» ենթավերնագրի ներքո վարդապետական Աստվածաբանությունը բաժանել է չորս հիմնական մասի. ա. տպավորական, բ. պատճառաբանական, գ. նշանական (սիմվոլիկ), դ. խորհրդական (միստիկ): Այս չորս բաժանումներից բացի, Գրիգոր Տաթևացին, հետևելով Գրիգոր Նազիանզացուն, Աստվածաբանությունը բաժանել է ևս երկու մասի («դրութիւն», «բացաբարձումն»)` դրականի և ժխտականի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին` երկու ենթամասերի: Դրական Աստվածաբանություն («կա և անվանվում է», «չկա և անվանվում է») իր մեջ բովանդակում է տպավորականը, պատճառաբանականը և նշանականը, որոնք հայտնության հիման վրա տալիս են Աստծո, Ս. Երրորդության անձերի, որպես Լույս, Կյանք, Սեր ևն, որակումները, ինչպես նաև` Աստծուն վերագրում առարկաներ կամ հատկություններ, որոնք իրականում չկան («Աստծո մատը», «Աստված հանգստացավ» ևն): Ժխտական Աստվածաբանության մեջ մտնում է խորհրդականը («կա և չի անվանվում»), որն Աստվածությունը բնորոշում է անսկիզբ, անվախճան, անպարագիծ, ոչ միտք, ոչ խոսք և այլ որակումներով: Աստվածաբանության չորրորդ եղանակն իր մեջ մեկտեղում է դրականն ու ժխտականը («չկա և չի անվանվում»): Առաջնորդվելով Դիոնիսիոս Արիոպագացու վարդապետությամբ` Գրիգոր Տաթևացին հաստատում է, որ աստվածաբանելու բարձրագույն եղանակը խորհրդականն է, որն անճառելի է ու անիմանալի, բացառում է ամեն տեսակ միտք, խոսք ու պատկեր, պաշտամունքն իրականացնում է կատարյալ լռության մեջ:
Ջատագովական Աստվածաբանության նպատակն է հիմնավորել քրիստոնեական հավատի ճշմարտությունը և ուղղափառությունն ընդդեմ հերքումների, աղանդավորական և հերձվածողական աղավաղումների, ինչպես նաև ընդդիմանալ մեկ այլ կրոնի: Աստվածաբանության նախնական նկարագիրը եղել է ջատագովական, իսկ ջատագովությունն ունեցել է ժխտողական բնույթ` ուղղված լինելով այս կամ այն աղանդի դեմ («Ընդդէմ հրէից», «Ընդդէմ Մարկիոնի», «Ընդդէմ Կելսոսի», «Եղծ աղանդոց» ևն): Ներկայումս ջատագովական Աստվածաբանությունը հետևում է դրական մեթոդաբանությանը և կրել է բովանդակային փոփոխություններ: Ջատագովական Աստվածաբանությունը կենտրոնացել է այնպիսի հիմնահարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկային ճանաչողության արժեքը, մարդու դերը արտաքին իրականության, հավատի ընկալման և մեկնաբանման մեջ, ժամանակակից գիտ. առաջադիմությունից եկած առարկությունները ևն: Աստվածաբանության այս բնագավառը այլևս չի զբաղվում լոկ ջատագովելով, այլ որպես իր առանցքային նպատակադրումներից է ընկալում ջատագովելու հետ միասին նաև հավատի նկատմամբ մարդու դիրքը իմացաբանորեն և մեկնողաբանորեն հիմնավորելու պահանջը:
Պատմական Աստվածաբանությունն ուսումնասիրում է քրիստոնեական հավատի ծագման, տարածման, մարդկանց և հասարակությունների կյանքում գործնական դրսևորման հարցեր, եկեղեցու ծագումը, զարգացումը և ժամանակակից վիճակը, դավանական բանաձևումների ձևավորման, պաշտամունքի, ծեսի, արարողությունների ծագման և զարգացման ընթացքը, Աստվածաշնչի գրքերի կազմության, կանոնի, խմբագրության, բնագրային մեկնության և հարակից այլ հարցեր:
Պատմական Աստվածաբանությունը ստորաբաժանվում է հետևյալ մասերի. Հին և Նոր կտակարանների ներածություն, դավանանքների պատմություն, եկեղեցու պատմություն, ծիսագիտություն, կանոնագիտություն, հայրաբանություն:
Գործնական Աստվածաբանությունը բովանդակում է այն մեթոդներն ու միջոցները, որոնցով տեսականորեն ըմբռնված և պատմականորեն լուսաբանված քրիստոնեական հավատը կարող է փոխանցվել ժողովրդին և գործնականորեն կյանքի կոչել Քրիստոսի քարոզած ճշմարտությունները, քահանայագործության կատարման եղանակները: Տեսական ճշմարտությունն ու պատմական երևույթն ընթացք են և միջոց քրիստոնեական հավատը գործնականորեն արտահայտելու, գիտակցական մտքով, պատասխանատվության զգացումով և անձնական վկայությամբ ապրելու համար: Գործնական Աստվածաբանության ստորաբաժանումներն են հովվական Աստվածաբանությունը, բարոյագիտությունը կամ բարոյական Աստվածաբանությունը, քարոզխոսությունը: