Առակների մեկնությունը

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առակների մեկնությունը

«Այս բոլորը Հիսուս առակներով պատմեց բազմությանը և առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, որպեսզի կատարվի մարգարեի կողմից ասվածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ և աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները պիտի հայտնեմ» (Մատթ. 13: 34-35):

ԾանուցումՍտորև ներկայացված բոլոր մեկնությունները տրվում են ըստ Եկեղեցու Սուրբ Հայրերի և ճանաչված մեկնիչների գրքերի` աղբյուրին հղում կատարելով:

1. Սերմնացանի առակը

(Մատթ. 13:1-8, 19-23; Մարկ. 4:1-20; Ղուկ. 8:4-15)
Գալիլիայի ծովի ափին Հիսուսի շուրջը հավաքվեց մարդկանց բազմությունը: Նա նավակ մտավ, մի փոքր ափից հեռացավ և մարդկանց հետ առակներով խոսեց. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն» (Մատթ. 13: 4-8):
Հետո աշակերտներին ասաց. «Իսկ առակն այս է նշանակում, սերմն Աստծու խոսքն է: Որոնք ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք ապառաժի վրա են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում, սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ` հեռանում: Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով` խեղդվում ու անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը` ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ. 8: 11-15):

Մեկնություն

Սերմնացանի առակի իմաստը բավականին մանրամասն մեկնաբանել է Հիսուս Քրիստոսը: Միայն կարելի է ավելացնել, որ սերմնացանը Քրիստոսն է, սերմը` Աստծու խոսքը, որն իր մեջ կրում է ճշմարիտ ու հոգևոր կյանքի սկիզբը: Արտը` ողջ մարդկությունն է, որն իր մեջ է ընդունում այդ հրաշագործ սերմը, սակայն, օժտված լինելով թաքնված կենդանի ուժով` Աստծու խոսքը միշտ նույն արդյունքը չի ունենում: Բոլորն էլ, երբ լսում կամ ընթերցում են Աստծու խոսքը, ստանում են սուրբ սերմերի իրենց բաժինը, բայց դրանք ինչպե՞ս կաճեն` պայմանավորված է մարդու հոգեբանությունից և հոգևոր մակարդակից: Առակում խոսքը 4 տիպի մարդկանց մասին է:
Առաջինը՝ կոպիտ խառնվածք ունեցողներն են, կենդանական հակումներով, որ սիրում են միայն ուտել-խմել, շատ քնել, գեղեցիկ հագնվել և այլն, ու դրանցից բարձր ոչինչ չգիտեն: Նրանց համար, կարծես բանուկ ճանապարհի նման, միևնույն է, թե ով է գալիս-գնում: Եվ անտարբերության արտաքին շերտը չի թողնում, որ հոգևոր սերմը թափանցի սրտի մեջ, և այն մնում է հիշողության մակերեսին մինչև չար կրքերի առաջին հարձակումները, որոնք, թռչունների նման վրա են տալիս և չեն թողնում անգամ մի հատիկ: Սրանք թեթևամիտ ու դանդաղկոտ մարդիկ են, որոնց միտքը կարծր հողի նման չոր է: Երբ կարդում կամ լսում են Տիրոջ խոսքը, աշխարհի զվարճանքներն ու գայթակղությունները, երկնքի թռչունները` օդային չար զորություններն այդ մարդկանցից հափշտակում են:
Երկրորդը՝ այն մարդիկ են, որ լսելով ավետարանի քարոզը սիրո, արդարության, ինքնազոհության մասին, անմիջապես բորբոքվում են լուցկու նման, բայց անմիջապես հանգում: Քարքարոտ տեղում միայն մանր խոտ է աճում, այդպես էլ այս մարդիկ հանդարտ կյանքի պայմաններում ընդունակ են կատարել ջանքեր չպահանջող շատ մանր գործեր: Նրանք սիրում են երբեմն ընթերցել սրբերի վարքը, իրենք իրենց պատկերացնում են Քրիստոսի համար մարտիրոսների դերում. նրանք դեմ չեն առաքինությանը, բարոյականությանը, ճգնակյացությանը, սակայն կկամենային Երկնքի արքայություն մտնել առանց բարդությունների: Իսկ երբ համոզմունքների համար ստիպված տանջանքներ ու զրկանքներ են կրում, անմիջապես ուրանում են Տիրոջը: Եսասիրության քարքարոտ շերտը չի թողնում, որ Աստծու խոսքը հասնի ու արմատավորվի նրանց սրտում:
Երրորդը՝ այն մարդիկ են, որոնք կամենում են միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (Տե՛ս Մատթ. 6:24): Նրանք պիտանի չեն Աստծու արքայության համար, քանի որ կամենում են ապրել ըստ Աստծու օրենքների, բայց միաժամանակ չեն ցանկանում հրաժարվել աշխարհի ունայնությունից: Ի վերջո, աշխարհիկ հոգսերի, հետաքրքրությունների և հակումների հորձանուտը կլանում է նրանց իսպառ` հոգու միջից արտամղելով այն ամենը, ինչ լուսավոր է, խորհրդավոր և վեհ: 
Չորրորդը՝ այն կատարյալ մարդիկ են, որոնց խոսքը գործից չի տարբերվում, որոնք Աստծու խոսքը լսելով և ընդունելով՝ փորձում են ապրել աստվածահաճո կյանքով: Ճիշտ է, բոլորը միանման չեն կարողանում ավետարանական խոսքին հնազանդվել, քանզի մեկը պտղաբերում է երեսուն, մյուսը` վաթսուն, մյուսը` հարյուր, որը նշանակում է, թե մեկն ի վիճակի է կատարել մեկ երրորդն այն ամենի, ինչ իրենից պահանջում է քրիստոնեական հավատը, մյուսը` մոտավորապես երկու երրորդը, և միայն քչերին է հաջողվում կատարել ամեն ինչ լիարժեք և կատարելապես: Դրանք ընտրյալ անհատականություններն են:
(Ըստ եպս. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի Ավետարանի շուրջ» գրքի):

2. Որոմների առակը

(Մատթ. 13: 24-30)
«Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց`ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ ու ցորենի մեջ որոմ սերմանելով` գնաց: Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց և այն որոմը: Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. «Տե´ր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եվ տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եվ տերը նրանց ասաց. «Ո´չ, միգուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողե´ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ` նախ այդ որոմը քաղեցե´ք և դրանից խուրձեր կապեցե´ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե´ք իմ շտեմարանների մեջ»:

Մեկնություն

Ամեն բարու և արդարության սերմանողը Քրիստոս Աստված է: Արտն աշխարհն է, նաև ամեն մեկի հոգին, իսկ քնած մարդիկ նրանք են, ովքեր ծուլանում են ու անտեսում Աստծու հրամանը և անհոգությամբ հետևում հերետիկոսությանը և չար մտքերին: Թշնամին Աստծու հակառակորդն է` սատանան, ցորենը՝ արդարության պտուղը, նաև բարի մարդիկ, բարի մտքերը, որոմը` մեղքն ու անիրավությունը: Ծառաները հրեշտակներն են, որոնք վրդովվում են, աշխարհում տեսնելով զանազան մոլորություններ և հոգիների պղծություն, կամենում են ոչնչացնել, այս կյանքից վերացնել և՛ հերետիկոսներին, և՛ չարի համախոհներին: Բայց Աստված թույլ չի տալիս ոչնչացնել մեղավորներին մինչև հունձքը, որ պատահաբար նրանց հետ չտուժեն նաև արդարները: Աստված չի կամենում սպանել մարդուն չար մտքերի համար, որ հանկարծ չվերանան բարի ցանկությունները: Նա մեղավորին ապաշխարության ժամանակ է տալիս, բայց եթե չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրվի անշեջ հրով: Արդ, եթե Պողոսը որոմ լինելով վերանար այս կյանքից, ապա նրա հետ ապագայում կոչնչանար նրա խոսքը: Դրա համար էլ Տերը հրեշտակներին ասում է` աշխարհի վախճանին կհավաքեք որոմը, այսինքն` մեղսագործներին: Նրանց ձեռքերն ու ոտքերը պիտի կապվեն, քանի որ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել: Իսկ ցորենը, այսինքն` սրբերին, հնձվոր-հրեշտակները կհավաքեն երկնային շտեմարաններում: Նման չար մտքերը, որ խորհում էր Պողոսը քրիստոնյաներին հալածելու ժամանակ, այրվեցին Քրիստոսի հրով, որ բերել էր աշխարհ, իսկ առաքելական իմաստության ցորենը զետեղվեց Եկեղեցու շտեմարաններում:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

3. Մանանեխի հատիկի առակը

Մատթ. 13: 31-32, Մարկ. 4: 30-32, Ղուկ. 13: 18-19)

«Նրանց առաջ Նա մեկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»:


Մեկնություն

Արտն աշխարհն է, նաև մարդկանց սրտերը: Մանանեխի հատիկ Տերն Իրեն է անվանում, քանի որ ստանալով ծառայի կերպարանք, սերմանվեց երկրի սրտի մեջ`մեռնելով և գերեզմանում դրվելով (Տե՛ս Հովհ. 12:24): Իսկ երբ հարություն առավ, փառավորվեց ու բարձրացավ, բոլորին դեպի Իրեն ձգեց, ժառանգեց ազգերին և իշխեց երկրի բոլոր ծագերին: Առաքյալներն այն ոստերն են, որոնց վրա հանգստացան երկնքի բոլոր թռչուները, այսինքն` մարգարեների և բոլոր արդարների հոգիները:  
Մանանեխի հատիկը նաև Քրիստոսի խոսքն է Աստծու արքայության մասին, որ նախապես փոքր և անարգ էր երևում, բայց արագ աճեց, քան ամեն խոսք, որ սերմանվել է մարդկանց մեջ, հույժ մեծացավ և զորացավ, մեծ Ծառ դարձավ, ու դեպի երկինք ձգտողներն ապաստան են գտնում Նրա գրկում: 
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)