Սուրբ Սոփիան և նրա երեք դուստրերը` Պիստոսը, Էլպիսը և Ագապեն

Նրանց անունները քրիստոնեական են և իմաստալից. Սոփիա նշանակում է իմաստություն, Պիստոս (12 տ.)` հավատք, Էլպիս (10տ.)` հույս և Ագապե (9 տ.)` սեր:
Սոփիան ազգությամբ իտալացի էր, ազնվական ընտանիքից: Ապրում էր Հռոմիմոտակա քաղաքներից մեկում: Երբ այրիացավ, չամուսնացավ, այլ իրեն նվիրեց Աստծուն և իր երեք աղջիկների քրիստոնեական դաստիարակությանը: Հաճախ մայրն իր երեք դուստրերի հետ գնում էր Հռոմ`եկեղեցական պաշտամունքին մասնակցելու համար: Անտիոքոս անունով հեթանոս մի երիտասարդ ցանկացավ ամուսնանալ աղջիկներից մեկի հետ: Մայրը մերժեց`ասելով.«Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց ու մարգարիտից ավելի թանկարժեք է» (Շնորհք արք. Գալուստեան, «Համաքրիստոնէական սուրբեր»): Երիտասարդը բողոքեց Ադրիանոս կայսրին (118-138թթ.): Կայսրը, կանչելով աղջիկներին, հորդորեց զոհ մատուցել կուռքերին: Առաքինի մայրը հորդորեց իր դուստրերին անսասան մնալ իրենց հավատքի մեջ: Երեք քույրերը իրար գերազանցեցին նահատակության պատրաստակամությամբ: Քրիստոսին բացահայտ դավանելու համար կայսրը հրամայեց նրանց չարչարանքների ենթարկել և գլխատել: Մայրը պատվով թաղեց իր դուստրերի մարմինները: Ապա Աստծուն աղոթեց, որ իր հոգին վերցնի: Սոփիայի խնդրանքը ընդունվեց և իր հոգին ավանդեց խաղաղությամբ (Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք եւ Տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ»):
Սոփիային և իր երեք դուստրերին հայ եկեղեցին հիշատակում է Վարդավառի երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

No comments: