Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը։
Հպարտությունը մի մահաբեր ախտ է, որի հանդեպ գրեթե բնածին հակում ունեն ազնվականներն ու հարուստները: Բայց զարմանալի է, թե ինչու են նրանով անմտաբար հիվանդանում նաև աղքատներն ու նվաստները: Անմիտ սիրամարգը, նայելով իր տգեղ ոտքերին, փքվելուց դադարում է, իսկ սա, մտավոր լինելով, պարզվում է՝ անբան կենդանուց ավելի անմիտ է, որովհետև ամեն օր իր աղքատությունը տեսնելով՝ տակավին հպարտանում ու բարձրամտանում է, որով իբրև մի ծիծաղելի հրեշ՝ ամենքի կողմից ծանակվում է:
Եթե հպարտը մտքով երևակայեր, թե աշխարհում միայն Աստվածն ու ինքն են և ուրիշ ոչ ոք, և աշխարհն ու նրանում եղող ամեն ինչ Աստված միայն իր՝ մարդու համար է ստեղծել, միայն իր մասին է հոգում և իր բոլոր մտքերն ու գործերը քննում, բնավ չէր մեծամտանա: Որովհետև այդժամ ո՞ւմ պիտի կարողանար գերազանցել, եթե ոչ Աստծուն, քանի որ այլ մեկը չէր լինի երկրի վրա, որին կարծեր, թե գերազանցում է: Բայց անհնար է, որ միտք ունեցող արարածն այնքան խելագարվի, որ իրեն Աստծուց բարձր համարի: Եվ այսպես ոչ միայն հպարտությունից, այլև բոլոր մոլություններից ու մեղքերից մարդը հեռու կգտնվեր, ոչ ոքի չէր վնասի և ոչ ոքից չէր տրտնջա, որովհետև Աստծուց բացի ոչ ոքի չէր ճանաչի, թե կա աշխարհում:
Բայց հպարտությունը միայն սեփական անձը բարձր դասելը, շրջապատող աշխարհի և ուրիշների նկատմամբ մեծամիտ վերաբերմունքը չէ, այլև սեփական անձը ստորացնելը, թերագնահատելը։ Մարդ իր նկատմամբ նման վերաբերմունք ունի, երբ չի սիրում ինքն իրեն։ Բայց չէ՞ որ մարդ Աստծու արարածն է, յուրաքանչյուր մարդու մեջ առկա է Աստված։ Երբ մենք չենք սիրում ինքներս մեզ, նշանակում է՝ չենք սիրում մեր միջի Աստծուն։ Երբ մենք մեղադրում ենք, փնովում, նախատում ենք ինքներս մեզ, իրականում մեղադրում, փնովում, նախատում ենք Աստծուն։ Իսկ սա արդեն հպարտություն է։ Ազատվելու համար հպարտության մահացու զգացումից (որը, ինչպես տեսանք, առաջանում է երկու պատճառով՝ սեփական անձը գերագնահատելու և թերագնահատելու) պետք է սովորել իրավիճակը, կյանքն ընդունել այնպիսին, ինչպի– սին կա։ Եվ հիշել, որ մենք ինքներս ենք ստեղծում այդ իրավիճակները և մեր կյանքն ամբողջապես։ Սովորենք ներել մարդկանց, քանի որ ներելով ուրիշին, մենք ներում ենք ինքներս մեզ։
1 comment:
Ես էլ եմ նույն մտքին ինչ որ գրած է աստվածաշնչում լինելու է
Post a Comment